Հրազդան գետ


Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է: Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Վերին հոսանքում հովիտն ունի 10–11 կմ լայնություն:

Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120–150 մ) կիրճով ։Հովտում կան Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ՝ աղբյուրներ, որոնք օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար, և հանքային ջրեր («Արզնի», «Բջնի»): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ:
Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ: Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը:
Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից:
Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):