Ավանդազրույց Մասիսի և Արագածի մասին

Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է.
-Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։
Մյուսն ասում է.
-Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։
Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մատաղ չի մորթվել։